Հարցին պատասխանում է փաստաբան Արթուր Սահակյանը
Տուն ասելով Դուք նկատի ունեք կամ առանձնատուն, կամ բազմաբնակարան շենքում գտնվող բնակարան, ըստ էության՝ անշարժ գույք:
Նախկինում առանձնատուն, բնակարան կամ ցանկացած այլ անշարժ գույք վաճառելու համար կնքվում և նոտարի կողմից վավերացվում էր անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, այնուհետև նախկին սեփականատիրոջից գնորդին սեփականության իրավունքի փոխանցումը պետական գրանցում էր ստանում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի այն տարածքային ստորաբաժանման կողմից, որի սպասարկման տարածքում գտնվում էր անշարժ գույքը:
2011թ. հունիսի 23-ին ,,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին,, ՀՀ օրենքը խմբագրվեց, իսկ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 299 հոդվածը հարստացավ 4-րդ կետով, որպիսի փոփոխությունների ուժով այսուհետ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի կառուցապատման իրավունքի ձեռք բերման պայմանագրի, կամավոր սերվիտուտ /հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք/ սահմանելու մասին պայմանագրի, բնակելի տարածության օգտագործման պայմանագրի, հիպոթեքի պայմանագրի, Ձեզ հետաքրքրող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի, ռենտայի դիմաց անշարժ գույքի օտարում նախատեսող ռենտայի պայմանագրի, անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի, անշարժ գույքի վարձակալության պայմանագրի, շենքի կամ շինության վարձակալության պայմանագրի, բնակելի տարածության վարձակալության պայմանագրի, անշարժ գույքի ֆինանսական վարձակալության /լիզինգի/ պայմանագրի, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի, անշարժ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի վրա:
Ներկայումս վերոհիշյալ պայմանագրերը, որոնց թվում նաև Ձեզ հետաքրքրող՝ անշարժ գույք հանդիսացող բնակելի տան առուվաճառքի պայմանագիրը, կողմերը կնքում են ՀՀ կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրին համապատասխանող ձևով, այն ներկայացնում են անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման ցանկացած գրասենյակ, անկախ գույքի գտնվելու վայրից, կից ներկայացնում են կողմերի անձը հաստատող փաստաթղթերը, պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք, որը ներկայումս նույնպես տրամադրվում է սպասարկման ցանկացած գրասենյակի կողմից, անհրաժեշտության դեպքում կցվում են նաև պայմանագիրը կնքողների լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Փաստաթղթերի և դիմումի ներկայացումից հետո կատարվում է իրավունքի պետական գրանցում և տրվում է իրավունքի պետական գրանցման վկայական:
Տեղեկացնում ենք նաև, որ անշարժ գույքի մեկ միավորի, Ձեր դեպքում տան, վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար գանձվում է 10.000/տաս հազար/ ՀՀ դրամ /գործում են օրենքով սահմանված որոշ բացառություններ/, իսկ անշարժ գույքի մեկ միավորի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար գանձվում է 25.000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ /գործում են օրենքով սահմանված որոշ բացառություններ/ : Եթե անշարժ գույքը գտնվում է ՀՀ կառավարության սահմանած ցանկերում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում, ապա գանձվում է սահմանված վճարի միայն 50 տոկոսը:
Միասնական տեղեկանքը տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, իսկ իրավունքի պետական գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը, ավելի կարճ ժամկետների համար գանձվում է օրենքով սահմանված հավելավճար:
Ձեր հարցի առավել մանրամասն պատասխանը կարող եք գտնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 204.1, 211, 225, 263, 299, 562, 572, 595, 610, 654, 662, 678, 686, 959 հոդվածներում, ,,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին,, ՀՀ օրենքի 48, 49, 73, 74, 75 հոդվածներում կամ այցելելով անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման ցանկացած գրասենյակ:
Հարգանքով՝ <<Գործող օրենք>> փաստաբանական գրասենյակի փաստաբան Արթուր Սահակյան