Արմեն Մուխսիկարոյանը
Հայաստանի Հանրապետության սահմանադրության 31.հոդվածը սահմանում է.
« Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը»։ Տրված է մասնավոր սեփականության դասական սահմանումը։ Բնական է, որ մահացածը չի կարող օգտագործել կամ տիրապետել իր գույքը, սակայն տնօրինել կարող է, կարող է որոշել գույքի կարգավիճակը, պատկանելությունը իր մահվանից հետո՝ տալով համապատասխան կարգադրություն։
Ըստ կտակի ժառանգության սահմանումը տալիս է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը /այսուհետ օրենսգիրք/։ Օրենսգրքի 1192 հոդվածի 1 կետը սահմանում է. «Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը»:
Կտակի ենթակա է միայն սեփական գույքը, այս փաստը շատերը ճիշտ չեն պատկերացնում։ Ընտանիքի ավագը ըստ իրեն գիտակցում է, որ ասենք անշարժ գույքը՝ բնակարանը, իր սեփականությունն է, սակայն այն կարող է լինել ընդհանուր կամ բաժնեմասային սեփականություն։ Կտակարարը գիտակցում է, որ գույքը հանձնել է իր կողմից նշված անձին, սակայն դա այդպես չէ, կտակի փաստացի ծավալը չի համապատասխանում կտակարարի նպատակին։ Եթե կտակարարը ժամանակին գիտակցի այս փաստը, ապա մինչև մահանալը կարող է մնացածներին պարտադրել զիճել՝ նվիրաբերել, գույքը իրեն և կտակը կհասնի իր նպատակին։ Այսինքն ցանկացած կտակարարար մինչև կտակ կազմելը պարտվոր է ճշտել այլ անձանց իրավունքներն իր գույքի նկատմամբ, զրկել նրանց այդ իրավունքներից, դառնալ միանձնյա սեփականատեր, որից հետո կազմել կտակ։
Օրենսգրքի 1193 հոդվածի 3–րդ կետը սահմանում է. «Կտակի ազատությունը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով»: Որո՞նք են այդ պարտադիր բաժնի կանոնները, որոնք կարող են խոչընդոտել կտակարարի ազատ կամքի արտահայտմանը։ Պարտադիր բաժնի իրավուքի շրջանակը հստակեցված է օրենսգրքի 1194 հոդվածով, դրանք են. «1. Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում: 2. Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները»: Այս սահմանափակումը կարող է տպավորություն ստեղծել, որ կտակարարը զրկված է ազատ կամքի արտահայտման իրավունքից, այն սահմանափակված է օրենքով, սակայն դա այդպես չէ։ Կտակարարը իրավունք ունի նաև անարժան ժառանգերին ժառանգությունից մեկուսացնելու /1191 հոդ. 3 կետ/ և ժառանգությունից զրկելու /1193 հոդ. 1 կետ/ ։ Նշանակում է կտակ կազմելիս կտակարարը պարտավոր է իր կարգադրությամբ մեկուսացնել օրենքով նշված պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգներին, միայն այս դեպքում կկարողանա լիարժեք արտահայտել իր կամքը։
Առանց վերը նշված հանգամանքները հաշվի առնելու, կտակը կարող է կրել բարոյական բնույթ, կտակարարի մահվանից հետո դառնալ վիճելի և նպատակին չհասնել, իսկ որևէ բան փոխելը դառնում է անհնար կտակարարի ֆիզիկական գոյության բացակայության պատճառով։ Հարգելի կտակարարնե՛ր, եթե իսկապես ուզում էք, որ Ձեր կտակը ունենա անվիճելի իրավական ուժ, հաշվի առեք օրենսդրությամբ նախատեսնված սահմանափակումները և Ձեր ազատ կամքի արտահայտման բնական իրավունքով շրջանցեք դրանք։